ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԵԹԵ ՄԵԿԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՉԷ, ԱՆՀՆԱՐ Է, ՈՐ ՆԱ ՀԱՍԿԱՆԱ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ»

«ԵԹԵ ՄԵԿԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՉԷ, ԱՆՀՆԱՐ Է, ՈՐ ՆԱ ՀԱՍԿԱՆԱ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ»
16.10.2009 | 00:00

Ա. ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
«Հետամտի՛ր Աստծու խոսքը ընթերցել, հորդորել և ուսուցանել հավատացյալներին: Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մեջ է, որ տրվեց քեզ մարգարեությամբ, երեցների ձեռնադրումով: Այդ բանի վրա մտածիր և հարատևիր դրանում, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին: Զգո՛ւյշ եղիր քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ, և հարատևի՛ր դրանում: Եթե այդ բանն անես, կփրկես և՛ քեզ, և՛ նրանց, որ լսում են քեզ» (Ա Տիմ. Դ 13-16)։
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, խրախուսելով ու պահանջելով իր զավակներից՝ ընթերցել և սերտել Սուրբ Գիրքը, Փիլիպպոս առաքյալի օրինակով հարցնում է. «Հասկանո՞ւմ ես, արդյոք, ինչ որ ընթերցում ես» (Գործք Ը 31)։
Մեր մեղավոր միտքն անզոր է առանց առաջնորդության ընդգրկել Աստծո խոսքում պարփակված անընդգրկելի աստվածային իմաստությունը. «Այս պատճառով,- գրում է սուրբ Գրիգոր Լուսավորիչը,- Աստված տվեց մարգարեներ, առաքյալներ, հայրապետներ ու վարդապետներ՝ որպես ուսուցիչներ, որպեսզի տեղյակ և հմուտ դարձնեն մեզ Աստծո բարի կամքին»։
Հետևաբար նրանք, ովքեր ուզում են ուղղափառորեն ընկալել Ս. Գիրքը, քննել նրա խորին խորհուրդները, պետք է դիմեն եկեղեցու սրբազան ավանդությանը՝ հայրերի ու վարդապետների մեկնողական գրականությանը, քանզի Եկեղեցին է Սուրբ Գրքի միակ պահապանն ու մեկնիչը: «Միայն Եկեղեցում է պահվում,- գրում է ս. Կղեմես Աղեքսանդրացին,- ճշմարիտ գիտությունը. ով մեկնում է Ս. Գիրքն ի հեճուկս եկեղեցական ավանդության, նա կորցրել է ճշմարտության չափանիշը»։ Իսկ ս. Իլարին գրում է. «Եթե մեկը Եկեղեցում չէ, անհնար է, որ նա հասկանա Աստծո խոսքը»։
Եվ ինչպես որ մայրերն են նախքան իրենց մանուկներին կերակրելը կակղեցնում կոշտ կերակուրները, այնպես էլ «եկեղեցու վարդապետներն առաքելական և մարգարեական խորին ու ծածուկ խոսքերը նախ իրենք են որոճում և ապա, դյուրըմբռնելի դարձնելով, կերակրում են հավատացյալներին, այսինքն՝ իմաստնացնելով տգետներին, խորհրդազգաց են դարձնում աստվածային օրենքների ուսմանը»,- գրում է Սարգիս Շնորհալին։
Իսկ հպարտությամբ սեփական մտավոր ու հոգևոր կարողություններին ապավինելն ու ինքնահաճ քննությունը և եզրահանգումները հղի են բազում վտանգներով. «Ինչքա՜ն մոլորվեցին վարքով և վարդապետությամբ, երբ կուրաբար հետևեցին Ս. Գրքի այս կամ այն պատգամին և ականջ չդրեցին նախնիների կողմից մեկնված ու բացատրված պատգամներին... Շատ հերետիկոսություններ այսպես են ծագել` նկատելով միայն ճշմարտության մի մասը» (Մեկն. չորից Աւետարանաց)։
Մովսեսն ընդունեց տասնաբանյա օրենքը Հոգուց... և նրան վկա մարգարեները գրեցին՝ դյուրացնելով դրանք։ Նույն Հոգով և առաքյալները գրեցին և առավել հայտնապես ճանաչեցրին։ Նույն Հոգով նույն բանը վարդապետները թարգմանեցին և մեկը մյուսից դյուրըմբռնելի դարձրեցին (Հովհաննես Մանդակունի)։
Ո՛չ խիստ խորությամբ թաքցնելով անիմանալի բաները, ո՛չ էլ չափազանց պարզաբանությամբ Աստծո խորհուրդները դյուրալուր դարձնելով, այլ միջակ ուսմամբ տալով Գրոց իմացությունը, որպեսզի ոչ դյուրընկալությամբ արհամարհվի, ինչպես դյուրագյուտ իրը, և ոչ էլ ուսանել կամեցողներն անիմացության (պատճառով) կորցնեն ճանաչելու հույսը, այլ սակավ ջանքով ժողովեն Սուրբ Գրոց խոսքերը սրտի հիշատակարանում (ս. Գրիգոր Նարեկացի)։
Մեր մեջ խոսողները շատ են, կարդացողները՝ քիչ։ Սակայն ոչ ոք չպետք է իր հաճույքի համար աղավաղի Աստծո խոսքը։ Ավելի լավ է խոստովանել սեփական անզորությունը՝ չսքողելով Աստծո ճշմարտությունը, որպեսզի, պատվիրանազանցությունից բացի, չմեղանչենք նաև Աստծո խոսքի խեղաթյուրմամբ՝ սխալ մեկնաբանությամբ (ս. Մաքսիմ Խոստովանող)։
Ով Ավետարանն ու բովանդակ Աստվածաշունչը մեկնում է կամայականորեն, նա դրանով իսկ մերժում է սուրբ հայրերի՝ Սուրբ Հոգով մեկնությունը։ Ով մերժում է Սուրբ Գրքի մեկնությունը Սուրբ Հոգով, նա, անկասկած, մերժում է նաև Ս. Գիրքը։ Եվ Աստծո խոսքը՝ փրկության խոսքը, հանդուգն մեկնիչների համար դառնում է մահվան հուր և երկսայրի սուր, որով այդպիսիք իրենց սրախողխող են անում հավիտենական կորստյան համար (Բ Պետր. Գ 16, Բ Կոր. Բ 15-16)։ Սրանով իրենց հավիտենապես սպանեցին Արիոսը, Նեստորը, Եվտիքեսը և մյուս հերետիկոսները, որոնք Ս. Գրքի՝ իրենց ինքնահաճ և հանդուգն մեկնությամբ աստվածանարգ դարձան։
«Ես ում եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից» (Ես. 66,2),- ասում է Տերը։ Այդպիսին եղիր Ավետարանի և նրանում ներկա Տիրոջ հանդեպ (ս. Իգնատի Բրյանչանինով)։
Բ. ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԵՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ
«Գաղտնի բաները մեր Տեր Աստծունն են, իսկ հայտնիները`
մեզ ու մեր որդիներին հավիտյան, որպեսզի կատարենք
այս օրենքների բոլոր խոսքերը» (Բ Օրենք ԻԹ 29):
Սուրբ Գրքի ընկալումն առհասարակ իրենից անհաղթահարելի դժվարություններ չի ներկայացնում։ Չկա մի մարդ, որի համար այս Գիրքը բոլորովին անհասանելի ու անհասկանալի լինի։ «Սուրբ Հոգու շնորհը,- արդարացիորեն նկատում է Հովհ. Ոսկեբերանը, - հենց այն բանի համար ընտրեց մաքսավորին, ձկնորսներին, վրանագործին և հովիվներին՝ հասարակ ու անուս մարդկանց՝ գրելու այս Գրքերը, որպեսզի անվանիներից ոչ մեկը չտրտնջա ընկալման խրթնությունից, որպեսզի բոլորն էլ հասկանան, թե ինչ են ասում այս Գրքերը, որպեսզի արհեստավորն ու ծառան, այրին ու ամենաանուս մարդը (Սուրբ Գիրքը) լսելուց օգուտ ու խրատ ստանան»։ Այդուհանդերձ, չի կարելի ասել, որ Աստվածաշնչում ամեն բան հասկանալի է յուրաքանչյուրի համար։
Այն ամենը, ինչ Աստվածաշունչը կամենում է ուսուցանել մեզ և ինչ-որ բան՝ նաև նրանց, ովքեր սուր միտք չունեն, այնքան պարզ ու ակնհայտ է արտահայտում, որ ոչ միայն ծածկված չէ գաղտնի իմաստի շղարշով, այլև արտահայտելով իր իսկ հասկացություններն ու մտքերը բառերի բուն իմաստով, բնավ մեկնողական գրականության կարիքը չունի։ Իսկ որոշ հատվածներ այնքան են պատված և ասես մթնեցված խորհրդավորությամբ, որ դրանց քննությունն ու ըմբռնումը մեր առջև հառնում է իբրև վարժանքների ու հոգսերի մի անծայրածիր դաշտ։ Աստված է կարգել այս բանը բազում պատճառներով. նախ, որ հոգևոր ըմբռնման համար բոլորովին անմատչելի աստվածային գաղտնիքները չբացահայտվեն բոլոր մարդկանց՝ նույն գիտելիքի և ունակության տեր թե՛ հավատացյալներին և թե՛ անհավատներին։ Երկրորդ, որ հավատացյալների մեջ ի հայտ գան անհոգների գաղջությունն ու ջերմեռանդների նախանձախնդրությունը և ջերմեռանդությունը, երբ վերջիններիս առջև հառնում է հասկանալու անծայրածիր դաշտը։ ՈՒստի Աստվածաշունչը լավագույնս բաղդատվում է բերրի, պտղաբեր դաշտի հետ, որն աճեցնում ու պտղաբերում է բազմապիսի պտուղներ, որոնց մի մասը հում վիճակում է պիտանի մարդու սննդի համար, մյուսները, եթե կրակի վրա եփվելով ու կակղելով չկորցնեն իրենց տտիպության խստությունը, մարդու սննդի համար կհամարվեն անպիտան կամ վնասակար։ Իսկ ուրիշները հարմար են և՛ այս, և՛ այն ձևով օգտագործվելու համար և հում՝ տտիպ վիճակում էլ զզվելի ու վնասակար չեն, սակայն կրակի վրա եփվելով՝ ավելի օգտակար են դառնում...
Նման բան նկատում ենք նաև հոգևոր գրվածքների այս բերրի այգում, որտեղ որոշ մասեր փայլում են հստակ, ակնառու, տառացի նշանակությամբ, այնպես որ, խոր մեկնաբանության կարիքը չունեն և պարզ, տառացի իմաստով էլ սնում են լսողներին, օրինակ՝ «Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է։ Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով» (Բ Օրենք Գ 4-5)։
Իսկ որոշ խոսքեր, եթե այլաբանական մեկնությամբ չճշտվեն և հոգևոր հրի բովում չփափկացվեն, ապա առանց վնաս պատճառելու բնավ չեն կարող մարդու համար ներքին փրկարար սնունդ ծառայել, և դրանց ընդունումից ավելի շատ վնաս կլինի, քան որևէ օգուտ։ Օրինակ՝ «Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն, և ճրագներդ՝ վառված» կամ` «Թող վաճառի իր վերարկուն և իր համար սուր գնի» (Ղուկ. ԺԲ 35. ԻԲ 36) և «Ով որ իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ» (Մատթ. Ժ 38)։
Բավականին խստակրոն որոշ վանականներ՝ նախանձախնդիր Աստծուն, բայց ոչ խոհեմությանը, բառացիորեն հասկանալով այս բանը, փայտե խաչեր էին պատրաստում և միշտ կրում ուսերի վրա, ինչը տեսնողների ոչ թե շինությանն էր ծառայում, այլ ծիծաղն էր շարժում։
Իսկ որոշ խոսքեր հարմար և անհրաժեշտաբար տարածվում են թե՛ տառացի, և թե՛ այլաբանական ըմբռնման վրա, այնպես որ և՛ այս, և՛ այն բացատրությունը հոգուն կենսական ավիշ է մատակարարում։ Օրինակ՝ «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու» (Մատթ. Ե 39) կամ` «Եվ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կփախչեք դեպի մեկ ուրիշը» (Մատթ. Ժ 23), և «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցվածքը և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս, և դու արի՛ իմ հետևից» (Մատթ. ԺԹ 21) (ս. Իոան Կասիան)։
Առակի այն խոսքը, որ ասում է. «Կա՛թ կթիր, և յուղ կլինի, բայց եթե պտուկները շատ ճմլես, արյուն կգա» (Առակ. Լ 33), այս է ասում ՝ կաթ կթիր Սուրբ Գրքից, և յուղ կլինի քեզ համար՝ գործեր կատարելով։ Իսկ եթե «պտուկները շատ ճմլես, արյուն կգա», այսինքն՝ չի կարելի առավել «ճմլել» խոսքը և քննել, որպեսզի զազրատես արյուն չհոսի։ Այստեղ կարող է թվալ՝ ինչ-որ երկիմաստություն կա, քանզի (Սողոմոն) իմաստունն ասում է՝ առավել մի՛ քննիր խոսքը, իսկ Տերը սաստում է հեղգերին՝ քննեցե՛ք Գրքերը։ Ասենք, որ չեն հակասում իրար. Սուրբ Գրքերը նույն Սուրբ Հոգուց են թելադրված, բոլորը համահունչ են իրար և ճշմարտությա՛մբ են ասված։ Տասը կետով բացահայտենք այս բանը։
Առաջին միտքն այն է, որ բոլոր խոսքերը երեք տեսակի են լինում, այսինքն՝ դյուրհասկանալի, դժվարըմբռնելի և անըմբռնելի։ Դյուրհասկանալին խոսքի մեջ է, դժվարըմբռնելին՝ խոսքից դուրս, իսկ անըմբռնելին գերիվեր է խոսքից։ Արդ, դյուրհասկանալին ուսանելի է առանց քննության, դժվարըմբռնելիին քննությամբ են հասնում, իսկ անհասանելին և անճառելին լռությամբ պատվի՛ր։ «Քննեցե՛ք Գրքերը» ասելով՝ Տերը նկատի ունի դժվարհասանելին, իսկ Սողոմոն Իմաստունը՝ անհասանելին ու անճառը։
Երկրորդ՝ Արարչին ու արարածներին վերաբերող խոսքեր. այն խոսքը, որ Արարչի մասին է, ճանաչելը կյանք է, քննելը՝ հանդգնություն, հավատալը՝ փրկություն, իսկ արարածներին վերաբերողը քննությա՛մբ ճանաչիր։
Երրորդ՝ խոսքը երկու տեսակի է լինում՝ հայտնի և գաղտնի։ Հայտնին մեզ է շնորհված Աստծուն ճանաչելու համար, իսկ գաղտնին միայն Ինքը գիտի, «ՈՒմ մոտ ծածկված են իմաստության և գիտության բոլոր գանձերը»։ Ինչպես ասում է (Մովսես) մարգարեն. «Գաղտնի բաները մեր Տեր Աստծունն են, իսկ հայտնիները՝ մերն ու մեր որդիներինը» (Բ Օրենք ԻԹ 29)։ Արդ, եթե դու ամեն բան քննես, ապա Աստծուն քննելու համար ի՞նչ ես թողնում։ Այդ նկատի ունի Սողոմոն Իմաստունը, երբ ասում է՝ մի՛ քննիր գաղտնին, իսկ Տերը հրամայում է քննել հայտնին և ճանաչել։
Չորրորդ՝ Սուրբ Գրքի որոշ տեղերում իմաստի ըմբռնումն ամփոփված է խորքում, որոշ տեղերում՝ երեսին, ինչպես ջրհորներում է. մի տեղ ջուրը լինում է խորքում, իսկ մի ուրիշ տեղ՝ երեսին։ Արդ, այն, որ ջուրը երեսին է, չպետք է խոր փորել ու իջնել, որովհետև ջուրը կկորչի, նույնպես և երեսին ամփոփված խոսքի իմաստի պարագայում է. չպետք է խոր քննության ենթարկել, թե չէ կկորչի միտքը. այս իմաստով է ասում՝ առավել չճմլել, որ արյուն չելնի։
Հինգերորդ՝ ասում է, թե դու, ո՛վ տգետ մարդ, որ անվարժ ես ու տկար մտքով, մի՛ քննիր Գրքերի խոսքերը և մոլորության մեջ մի ընկիր, ինչպես աշխարհական մարդիկ և ռամիկները։ Դու միայն կթիր հավատի կաթը, ինչ ասում է քեզ օրենքը, հավատա և կլուսավորվես, և դու, որ կարող ես քննել և վարժ ու կիրթ ես մտքովդ, մի՛ քննիր երկբայությամբ և թյուրությամբ ամենայն խոսք. այլ որը կարող ես, ուղղությամբ իմացիր, որը չես կարող, մի՛ քննիր և երկբայության ու թյուրության մեջ մի՛ գցիր խոսքն ու միտքդ։ Քանի որ այսպիսի թյուր և երկբա քննությունը հուսահատ ու թերահավատ կդարձնի քեզ խոսքի պատճառով, և կկործանվես (ս. Գրիգոր Տաթևացի)։
Գ. ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ԱՆՍՊԱՌ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Երբ ես մտքիս աչքերը Գրքերի խորհրդով վեր բարձրացրի՝ տեսնելու շնորհների գիտության անքննելի խորքը, բացեցի սիրտս՝ հավաքելու ներսում դժվար տեսնվածը և քննելու, տեղեկանալու և հասու լինելու նրա գիտության խորքին, իմ տկար մտքի հասողությունից դուրս մնացածն այնպես զարհուրեցրեց ինձ, որ կարծես թե այն ճանաչելու համար պատրաստ էի մոռանալու այն գիտությունը, որն ստացա բացելու պահին։
Ինչպես հարբածը, որքան խմում, այնքան առավել է ծարավում, նույնպես և նա, ով Աստվածաշնչի խորհուրդների շուրջ խորհում է և խոկում, որքան ուսանում, այնքան առավել է ցանկանում ուսանել, քանզի գիտի, որ չի հասնի Սուրբ Գրքի գիտության լրմանը, և մտքի այդ ցանկությունն այրում է ինչպես հոգեմաշ ցավ, քանզի սակավ հասողության միջոցով ճանաչում է մնացած անբավելին և այդ գիտության ցանկությամբ վարակվում, ինչպես ցավով։ Սակայն այդ ցավերն ու հոգսերն առողջության պատճառ են լինում (ս. Գրիգոր Նարեկացի)։
Ինչպես անուշահոտ նյութերն ինչքան շատ են հարվում մատների մեջ, այնքան առավել են բուրում, այնպես էլ Սուրբ Գիրքն է. որքան շատ ես ջանում խորասուզվել նրա մեջ, այնքան շատ գանձեր ես գտնում։
Աստվածաշնչի ընթերցանությունը նման է գանձի։ Ինչպես գանձի մի փոքրիկ մաս կարող է շատ հարստացնել ստացողին, այդպես էլ Սուրբ Գրքի կարճ ասույթում կարելի է մեծ զորություն ու մտքերի անճառելի հարստություն գտնել։ Ս. Գրքում ոչինչ չի ասված հենց այնպես և առանց պատճառի, սակայն նույնիսկ ամենակարճ խոսքը մեծ գանձ է պարունակում։ Աստծո խոսքը նման է ոչ միայն գանձի, այլև հարահոս ջրառատ աղբյուրի (ս. Հովհաննես Ոսկեբերան)։
Կարելի է մի ամբողջ դար ապրել և անդադրում կարդալ միայն Ավետարանը կամ Նոր Կտակարանը ու այդպես էլ մինչև վերջ չյուրացնել։ Թեկուզ հարյուր անգամ կարդա, բայց կարդալու շատ-շատ բան կմնա (եպիսկոպոս Ֆեոֆան)։
Եթե կարդալ չգիտես, մի՛ հեռանա այնտեղից, որտեղ կարելի է լսել և օգուտ ստանալ, քանզի գրված է. «Եթե իմաստուն մարդ տեսնես, առավոտից նրա մոտ եղիր, և թող քո ոտքը մաշի նրա դռան սեմը» (Սիրաք Գ 36)։ Սա օգտակար է ոչ միայն կարդալ չիմացողների, այլև իմացողների համար, քանզի շատերն են կարդում և չգիտեն, թե ինչ են կարդում (ս. Եփրեմ Ասորի)։
Պետք չէ կարծել, որ որոշ չափով ճանաչելով ավետարանական ճշմարտությունը, կարելի է հանգստանալ՝ համարելով այն լավագույնս սերտված, և այլևս չկարդալ Սուրբ Ավետարանը։
Առաջին՝ մեր հիշողությունը մտապահում է միայն այն, ինչը միշտ կրկնում ենք և ինչով միշտ հետաքրքրվում ենք։
Երկրորդ՝ ճշմարտությունը նույնքան անսպառ է, որքան անսպառ է աստվածգիտությունը։
Ինչպես գրում է ս. Իսահակ Ասորին. «Իմաստության շավիղը վերջ չունի. նա անընդհատ վեր է ընթանում մինչև իրեն հետևողին Աստծո հետ միավորելը։ Նրա հայտանիշը հենց այն է, որ նրա ճանաչողությունն անսահման է, քանզի Իմաստությունն Ինքը Աստվածն է»։
Եվ որքան առավել է մարդը հարստանում ճշմարտությամբ, այնքան առավել է ձերբազատվում մեղքից, այնքան առավել է լուսավորվում նրա բանականությունը, ու մաքրագործվում նրա սիրտը, այնքան առավել է մերձենում Աստծուն արդեն այս աշխարհում։
Օպտինյան մենաստանի ծերերից մեկն ասում է. «Բովանդակ Աստվածաշունչը գաղտնիքներով է պարուրված։ Նա խորություն ունի։ Նրա իմաստն անսպառ է։ Անկարելի է հասկանալ ամբողջը։ Ինչպես մեկը մյուսի հետևից կարելի է հանել սոխի կեղևները, այնպես էլ Սուրբ Գրքի պարագայում է. մարդը հասկանում է մի իմաստ, որի տակ անթեղված է մեկ ուրիշը՝ ավելի խորը, երկրորդին հաջորդում է երրորդը և այդպես շարունակ։
Ահա այդպես է Տերը լուսավորում Իրեն փնտրողների բանականությունը։ Աստվածաշնչում, բացի արտաքին երեսից, կա նաև ներքինը, այսինքն՝ բացի առանձին փաստերից, կա նաև այդ նույն փաստերի խոր նախօրինակային իմաստը։ Այդ իմաստը բացահայտվում է մարդու մտքի մաքրագործմանը համապատասխան»:
Տպագրության պատրաստեց
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ